Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) չի կարող եւ չպետք է մեկուսանա չինական հզոր տնտեսությունից: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Բելառուսի պետական համալսարանի ուսանողների առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԵՏՄ-ն չի գնում այն փորձերի ուղով, որ ներկայումս ձեռնարկում են ամերիկացիները Անդրօվկիանոսյան գործընկերության եւ Անդրատլանտյան առեւտրաներդրումային գործընկերության ստեղծման առումով, պարզաբանել է նա: Երկու դեպքում էլ խոսքը երկրների նեղ շրջանակի մասին է, որի ներսում համաձայնեցվում են խաղի կանոններ, առանց հաշվի առնելու մյուսների շահերը: Միայն երբ այդ կանոնները համաձայնեցվեն նեղ եւ փակ խմբում, մյուսներին կհրավիրեն միանալ արդեն առանց իրենց գրված կանոնների հիման վրա»:
«Մեր դեպքում մենք ի սկզբանե հռչակել էինք, որ ԵՏՄ-ն բաց միավորում է, շարունակել է ՌԴ արտգործնախարարը: Եվ մեր շահերից է բխում չմեկուսանալ ավելի ուժեղ տնտեսությունից, որպիսին, եթե իրերն իրենց անունով կոչենք, հանդիսանում է չինական տնտեսությունը, այլ մոտեցումների ներդաշնակեցում փնտրենք` համագործակցելու այն երկրների հետ, որոնց հետ մենք արդեն ճյուղավորված կապեր ունենք»:
ՌԴ արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԵՏՄ-ն երիտասարդ միավորում է, բայց նրա նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: «Վիետնամի հետ արդեն ազատ առեւտրի համաձայնագիր է ստորագրվել, ամբողջ АСЕАН –ը հետաքրքրված է նույն ուղով գնալու եւ արդեն մի քանի տասնյակ խնդրանք կա համանման գործընթացի վերաբերյալ` ազատ առեւտրի գոտիների ստեղծման գործընթացի, որ ստացվել են այդ թվում նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներից, ներառյալ Իսրայելը եւ Լատինական Ամերիկայի երկրները, ընդգծել է նա: Այնպես որ, մենք երբեք չենք կարողանա մեկուսանալ արտաքին համագործակցությունից»:




























