Մայիսի 17-ին նավթը շարունակում է թանկանալ` գնվելով եւ վաճառվելով 2016-ի առավելագույն նիշերով` Նիգերիայից, Կանադայից եւ Վենեսուելայից մատակարարումների ընդհատումների, ինչպես նաեւ Goldman Sachs բանկի փորձագետների կանխատեսումների ֆոնի վրա, վկայում են առք ու վաճառքի տվյալները: Առավոտյան Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթի խառնուրդի հուլիսյան ֆյուչրսների արժեքը աճել է 0,53 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 49,23 դոլար: WTI ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչրսների գինը մեկ բարելի դիմաց աճել է 0,98 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 48,19 դոլար:
Նավթի համաշխարհային գների աճն առաջին հերթին կապված է Նիգերիայից, Վենեսուելայից եւ Կանադայից մատակարարումների ընդհատումների հետ, ինչն էականորեն նվազեցրել է «սեւ ոսկու» շուկայում առաջարկի ավելցուկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Reuters-ին: Այս ֆոնին երկուշաբթի Brent ապրանքանիշի նավթը 2015-ի նոյեմբերի 5-ից հետո առաջին անգամ հասել է 49. 17 դոլար նիշի, իսկ WTI ապրանքանիշի նավթը 2015-ի նոյեմբերի 4-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 48 դոլար նիշը:
Շուկայում առաջարկի նվազումը հանգեցրել է նրան, որ Goldman Sachs բանկի վերլուծաբանները արմատապես փոխել են «սեւ ոսկու» շուկայի դինամիկայի իրենց կանխատեսումները: Փորձագետները կարծում են, որ շուկան գերհագեցումից դեֆիցիտի է անցել:





























