Նավթի համաշխարհային գներն այսօր՝ մայիսի 18-ին շարունակում են աճել՝ համաշխարհային շուկայում նավթի մատակարարումների կրճատման մտավախությունների ֆոնին, որի պատճառը նավթի արդյունահանման ձգձգումներն են Կանադայում, նաեւ Նիգերիայում եւ Լիբիայում, հաղորդում է MarketWatch-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը այսօր առավոտյան աճել է 0,28 տոկոսով՝ հասնելով 49,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Մայիսի 17-ի երեկոյան այն աճել էր 0,63 տոկոսով՝ հասնելով 49,28 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,37 տոկոսով՝ հասնելով 48,49 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նշենք, որ Կանադայում անտառային հրդեհների ուժգնացումը հանգեցրել է մի շարք նավթ արդյունահանող ընկերությունների աշխատանքի դադարեցման:
Միաժամանակ Նիգերիայում եւ Լիբիայում նավթային ենթակառուցվածքների վրա զինված հարձակումները եւ լարվածությունը նպաստում են այդ երկրներում նավթի արդյունահանման կրճատմանը:





























