ԵՏՄ անդամ երկրների վարչապետները միջկառավարական խորհրդի նիստում քննարկել են Չինաստանի հետ համաձայնագրի կնքմանը վերաբերող հարցերը, նավթի եւ նավթամթերքի միասնական շուկայի ձեւավորումը եւ միասնական մաքսային օրենսգրքի հարցը։ Այս մասին ասել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։
«Երեւանում միջկառավարական խորհրդի այսօրվա նիստի օրակարգում երեք առանցքային կետ է եղել։ Առաջինը Չինաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններն են։ Մենք առանցքային կետերի շուրջ համաձայնության ենք եկել»,- ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ համաձայնագրի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների եւ անդամ երկրների քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ «Երկրորդ կետը նավթի եւ նավթամթերքի միասնական շուկայի ձեւավորումն է»,- ասել է Սարգսյանը։
Նա արձանագրել է, որ համաձայնության են եկել, եւ այդ փաստաթուղթը ներկայացվելու է ԵՏՄ երկրների նախագահներին մայիսին Աստանայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օրակարգի երրորդ կետը ԵՏՄ մաքսային օրենսգիրքն է։ Հայեցակարգային համաձայնության ենք եկել առանցքային հարցերի շուրջ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ Մինսկում հաջորդ հանդիպման ժամանակ ԵՏՄ վարչապետները հույս ունեն հաստատել այն։




























