Միջազգային հանրություն անկասկած պետք է ցանկացած քայլ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում փոխզիջումներ գտնելու հարցում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեհաստանի զարգացման փոխնախարար Ռադոսլավ-Դոմագալսկի Լաբեձկին։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր ուղին անմիջական բանակցություններն են։ «Շատ կարեւոր է, որ երկու կողմն էլ տրամադրված լինեն խնդիրը հնարավորինս արագ լուծելուն։ Եվ այստեղ միջազգային հանրության դերը հատկապես կարեւոր է։ Այդ պատճառով Լեհաստանը կպաշտպանի հակամարտության խաղաղ լուծման ցանկացած նախաձեռնություն»,- ասել է Ռադոսլավ-Դոմագալսկի Լաբեձկին։

Անդրադառնալով հարցին, թե պետք չէ արդյոք ավելի հասցեական հայտարարություններ անել Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները կանխելու եւ 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմի խախտումները թույլ չտալու համար, փոխնախարարն ասաց. «Ես հասկանում եմ, որ իրավիճակը պատմական նախապատմություն ունի, բայց ես ամեն դեպքում պնդում եմ, որ հակամարտության լուծման միակ հնարավոր տարբերակը անմիջական բանակցություններին վերադառնալն է։ Այլ ճանապարհ չկա։ Եվ ես համաձայն եմ, որ Հայաստանի համար ծայրահեղ կարեւոր է ռազմական հակամարտության դադարեցումը։ Հետեւաբար, միջազգային հանրություն անկասկած պետք է ցանկացած քայլ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում փոխզիջումներ գտնելու եւ մարտական գործողությունների դադարեցման համար»։