Կահիրեն ԱՄՆ–ից օգնություն է խնդրել EgyptAir ավիաընկերության Ա320 օդանավի կործանման հանգամանքների հետաքննության հարցում, հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեխ Շուքրին:

«Մենք օգնություն ենք խնդրում բոլոր նրանցից, ովքեր միջազգային կանոններով պարտավոր են աջակցել ու համագործակցել նման հետաքննություններում: Որքանով ես հասկանում եմ, օդանավի ու շարժիչների արտադրողները միշտ մասնակցում են հետաքննություններին»,- շեշտել է նախարարը, հայտնում է CNN-ը:

Շուքրիի խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում վստահեցրել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է օգնել օդանավի սեւ արկղերի որոնման ու դուրս բերման գործում»:

Մինչ այդ Misr Insurance ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Ադել Մուսան հայտնել էր, որ Ա320 օդանավը ապահովագրված էր 18 մլն դոլարով:

EgyptAir ավիաընկերության օդանավը, որը Փարիզից Կահիրե էր ուղեւորվում, անհետացել էր ռադարների էկրաններից մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրայով անցնելիս: Օդանավում 66 մարդ կար: