Գարնանը Հրազդանի կիրճում երթեւեկելի գոտու հատվածում տեղի ունեցած հենապատի փլուզման պատճառով անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը` ստեղծելով վթարավտանգ իրավիճակ: Այստեղ երթեւեկելի մասից ճանապարհը փլուզվել էր, ինչի հետեւանքով առաջացել էր մոտ 7-8 մետր խորությամբ վիհ:

Այս կապակցությամբ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը այցելել է դեպքի վայրում եւ տվել համապատասխան հանձնարակականներ:

Մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կիրճում սկսվել են հենապատի ու ճանապարհի վերականգնման աշխատանքները: 

Փլուզման հիմնական պատճառը, մասնագետների դիտարկման համաձայն, ճանապարհի տակով հոսող գրունտային ջրերն են եղել, որոնք տարիներ շարունակ քայքայել են հիմքը: Դրան նպաստել էր նաեւ այստեղ ջրահեռացման համակարգի բացակայությունը:

Ամուր, անվտանգ ճանապարհ ու հենապատ ունենալու նպատակով կրող գրունտներից սկսած երկաթբետոնյա նոր հիմք է կառուցվում: Բետոնե ծածկը ներքեւի մասում ունի մոտ տասը մետր լայնություն, վերեւում` մեկ:

Շինարարական աշխատանքների իրականացման համար տարածքում ժամանակավոր կամուրջ է տեղադրվել: Տեղափոխվել է նաեւ գետի հունը: Գործընթացն ընթանում է սահմանված ժամանակացույցով:

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի տեղեկացմամբ, շինարարի առաջ խնդիր է դրվել` հնարավորինս արագ վերաբացել փողոցի երթեւեկությունը: Նախնական հաշվարկներով հոկտեմբերի վերջին այստեղ կվերակնգնվի երթեւեկությունը: Մինչդեռ հենապատի շինարարական աշխատանքները կշարունակվեն` չխոչընդոտելով երթեւեկությանը: 

50- ական թվականներին կառուցված հենապատին շուտով կփոխարինի նոր տեխնոլոգիայով ու ամրությամբ կառուցված հենապատը` անվտանգ երթեւեկելի գոտիով: Ծրագրի իրականացման համար Երեւան քաղաքի բյուջեից շուրջ 270 մլն դրամ է հատկացվել: