ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է Չինաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրերին, նշելով, որ նման ներկայացուցչական կազմով այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին: Նախագահն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապեր եւ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների ակունքներին, որոնք գալիս են դարերի խորքից՝ դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի գոյության ժամանակաշրջանից:

Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել, որ 1992թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի համար կարեւոր գործընկերներից է, եւ մենք ողջունում ենք նրա հաջողություններն ու ուրախ ենք համաշխարհային ասպարեզում նշանակալից դեր ունեցող բարեկամ Չինաստանի հաջողությունների ու բոլոր բնագավառներում արձանագրվող վերելքի համար: Ես ջերմությամբ եմ հիշում իմ բոլոր այցերը ձեր հիասքանչ երկիր, որոնց շարքում ցանկանում եմ ընդգծել անցյալ տարի կայացած իմ պետական այցը եւ դրա շրջանակներում տեղի ունեցած բավականին հետաքրքիր հանդիպումները երկրի ղեկավարության, հատկապես՝ նախագահ Սի Ծինփինի հետ»,-ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը եւ ՉԺՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ ՀՀ Նախագահի պետական այցը որակական նոր մակարդակի բարձրացրեց հայ-չինական միջպետական հարաբերությունները՝ եւս մեկ անգամ վկայելով, որ երկու երկրները զարգացնում են արդյունավետ ու բազմակողմանի համագործակցություն բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները կարեւորել են վերջին շրջանում հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելությունները:

ՉԺՀ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը նպատակ ունի ակտիվացնել եւ խորացնել հայ-չինական համագործակցությունը իրավապահ բնագավառում՝ համարելով, որ այն զգալիորեն կնպաստի երկկողմ քաղաքական կապերի ամրապնդմանը: Ըստ նրա, այդ ամենը կարեւոր է նաեւ այսօր աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, ինչը թելադրում է բարեկամ Հայաստանին եւ Չինաստանին՝ ավելի սերտ համագործակցություն հաստատել: Մըն Ձիենճուն վստահեցրել է, որ իր երկիրը ջանք չի խնայի նպաստելու տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: