Egypt Air-ի կործանված A320 օդանավի օդաչուի եւ Ցյուրիխի օդանավակայանի կարգավարի բանակցությունների ձայնագրությունները հրապարակել է ամերիկյան CNN հեռուստաալիքի կայքը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողները չեն մանրամասնել, թե ինչպես են ստացել այդ նյութը։ Ձայնագրությունը տեւում է 20 վայրկյան։ Օդաչուն կապ է հաստատում կարգավարի հետ այն պահին, երբ օդանավը, ենթադրաբար, մտնում է Շվեյցարիայի օդային տարածք։ Վայրկյաններ անց կարգավարը հաղորդում է, որ օդանավը հանձնում է իտալական պադուայի կարգավարների իրավասության տակ եւ բարի գիշեր է մաղթում։

Առայժմ պաշտոնապես հաստատում չկա, որ դա հենց MS804 չվերթի օդանավի եւ Ցյուրիխի օդանավակայանի կարգավարի խոսակցությունն է։

Հիշեցնենք, ուղեւորատար А320-ը, որը Փարիզից Կահիրե էր թռչում, ռադարներից կորել էր մայիսի  19-ի վաղ առավոտյան: Հետագայում ինքնաթիռի բեկորները, ինչպես նաեւ ուղեւորների մարմինների կտորներ հայտնաբերվել էին Միջերկրական ծովում:  

Ընդհանուր առմամբ,  EgyptAir ավիաընկերության ինքնաթիռում 66 մարդ է եղել: Նախնական տվյալների համաձայն, նրանք բոլորը զոհվել են: