Կործանված EgyptAir ավիաընկերության A320 օդանավի վրա Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատակիցները, որոնք կապ են պահում Եգիպտոսում արգելված եւ ահաբեկչական ճանաչված «Մահմեդական եղբայրներ» իսլամական կազմակերպության հետ, շուրջ երկու տարի առաջ սպառնալից գրություն են արել: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Ըստ ՏԱՍՍ-ի, արաբերեն հետեւյալ գրությունն է արվել. «Մենք կկործանենք այս օդանավը»: Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները սա կապել են այն ժամանակ երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամի հետ՝ պայմանավորված 2013 թվականին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությամբ:

Դրա հետեւանքով EgyptAir-ն աշխատանքից ազատել է մի քանի աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, «Մահմեդական եղբայրների» եւ իսլամական Մուրսիի կողմնակիցներ էին: Նման քայլի են դիմել նաեւ եգիպտական այլ ավիաընկերություններ:

Միաժամանակ, The New York Times-ը նշում է, որ EgyptAir-ի օդանավերում քաղաքացիական հագուստով անվտանգության 2 աշխատակից է լինում, սակայն կործանված A320-ում նրանց թիվը 3-ն է եղել: Չի հստակեցվում, թե ինչի հետ է կապված անվտանգության միջոցառումների ուժեղացումը:

Հիշեցնենք. Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող եգիպտական A320-ը կործանվել է մայիսի 19-ին: Օդանավում 66 մարդ է եղել, որոնց թվում՝ 12 երկրից 56 ուղեւոր: