Ընդհանուր առմամբ 27 տոռնադո է առաջացել անցյալ կիրակի ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում` Հարավային Դակոտայից մինչեւ Թեքսաս ընկած տարածքում:   NBC հեռուստաընկերությունը Ազգային օդերեւութաբանական ծառայությանը վկայակոչելով հայտնում է, որ տոռնադոների մեծամասնությունն ի հայտ է եկել գյուղական տեղանքում եւ զգալի վնաս չի հասցրել:  Ամենախոշոր մրրկահողմն անցել է Օչիլտրի քաղաքի մոտով  (Թեքսասի նահանգ), որտեղ մի քանի հարյուր մետր տարածության վրա տապալվել են էլեկտրահաղորդալարերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

Բացի այդ, Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով, Հարավային Դակոտայի, Կանզասի, Թեքսասի եւ Նեբրասկայի   86 շրջանում ուժեղ անձրեւ է եկել կարկուտի հետ: Ընդ որում, Հովարդ օկրուգում (Թեքսասի նահանգ) կարկտի որոշ հատիկների  տրամագիծը հասել է 6 սմ, իսկ Վելենթայն քաղաքում  (Նեբրասկայի նահանգ) առատ տեղումների հետեւանքով գետում ջրի մակարդակը բարձրացել է գրեթե կես մետրով, արդյունքում մի քանի ճանապարհի վրա կասեցվել է երթեւեկությունը: 

Ազգային օդերեւութաբանական ծատայության ներկայացուցիչ Քեվին Ռոտը երկուշաբթի հայտնել է, որ առավել հավանական է տոռնադոյի առաջացում Կանզասում եւ Թեքսասում, իսկ Օկլահոմայում ուժեղ կարկուտ եւ քամի են սպասում, որոնց բռնկումները հասնում են 90 կմ/ժ-ի: