Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ սկսված արշավը կարող ազդել ոչ միայն մեր երկրում նրա ունեցվածքի, այլեւ Հայաստանի քաղաքական գործիչների վրա: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով, իրեն են տրամադրել գործարար հայերի ցանկը, ովքեր Լուժկովի պաշտոնանկությունից 20 օր առաջ սկսել են վաճառել իրենց անշարժ գույքը Մոսկվայում: «Դա նշանակում է, որ Լուժկովի ունեցվածքը կխլեն ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում: Մասնավորապես դա վերաբերում է Հյուսիսային պողոտային, Նորագյուղին, Երեւանում Մոսկվայի տանը եւ «Ոսկե ձկնիկներին» Հոկտեմբերյանում»:
Կարապետյանը հայտարարել է նաեւ, որ Լուժկովը լուրջ գործընկեր էր համարվում հայ գործարարների համար, քանի որ դեռ ելցինյան ժամանակներից նշանակվել էր Հարավային Կովկասի «համակարգող»: «Լուժկովի օգնությամբ Ռուսաստանում տնտեսական լոբբինգ է իրականացվում»,- ասաց նա:
Նշենք, որ համաձայն հայաստանյան լրատվամիջոցների, Լուժկովը Հայաստանում հողակտորներ, ջրավազաններ եւ այլ գույք ունի: Նշվում է նաեւ, որ ռուսական 5 բանկերի 50 ընկերություններից բաղկացած ցանկ է ներկայավել, որոնց հետ որեւէ գործարք չի կարելի անել: Այդ 50-ից 15-ը հայկական ընկերություններ են: Ըստ ամենայնի, դրանք պատկանում են Հայաստանի պաշտոնյաներին, որոնք կապ են ունեցել Լուժկովի հետ:




























