Սուխումիի կենտրոնական փողոցները երեքշաբթի ջրի տակ են մնացել հորդառատ անձրեւների պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»

«Լեռներում ուժեղ անձրեւները եւ ափերից դուրս եկած գետերը Սուխումիի ողողման պատճառ են դարձել», - լրագրողներին հայտնել է քաղաքի վարչակազմի կոմունալ կառավարման պետ Ելենա Ատեպինան: 

«Սուխումի գետը եւ մի քանի այլ գետ ափերից դուրս են եկել: Քաղաքում ջրի տակ է անցել Տատովի փողոցով երկրորդ անցումը, ինչպես նաեւ Լակոբայի ամբողջ փողոցը:  Քաղաքի կոմունալ ծառայությունները ԱԻՆ-ի հետ բացում եւ մաքրում են   կոյուղային վանդակները, ինչպես նաեւ ջրի համար ելք են բացում դեպի ծով», - հայտնել է նա:

Միաժամանակ հանրապետության ԱԻՆ-ից նշել են, որ անձրեւների կոյուղին բավարար չէ ջրի հոսքի համար նաեւ քաղաքի շրջակայքում, որտեղ ջրի տակ են մնացել մի քանի մասնավոր տների առաջին հարկերը: 

Աբխազիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթայանի խոսքով, քաղաքում ջրհեղեղների հետեւանքով դժբախտ դեպքեր չեն արձանագրվել:   

Մի քանի երթուղով հանրային տրանսպորտի աշխատանքը ժամանակավորապես դժվարացել է: