Միջերկրական ծովում EgyptAir-ի օդանավի ավիավթարից մի քանի րոպե առաջ օդաչուների խցիկում պատուհանների ջերմաստիճանի աճ է գրանցվել: Այս մասին հայտնում է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը:
«12:26-ին տեղեկություն է ստացվել օդանավի հրամանատարի օգնականի կողքին՝ օդաչուների խցիկի աջ պատուհանի ջերմաստիճանի բարձրացման մասին: Տեղեկությունները ստացվելուց 3 րոպե անց օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից:
«Շառլ դե Գոլի» օդանավակայանից դուրս գալուց առաջ օդանավը զննել էր EgyptAir-ի հաստիքային տեխնիկը, ով որեւէ խոտան չէր հայտնաբերել: Այդ փաստը մատյանում հաստատել էր օդանավի հրամանատար Մուհամմեդ Շաքիրը:
Reuters-ի փոխանցմամբ թռիչքի ժամանակ օդանավի էլեկտրոնային համակարգից 11 հաղորդագրություն է ստացվել, որոնք վկայում էին շարժիչի նորմալ աշխատանքի մասին:
Հիշեցնենք, որ Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող Airbus A320 օդանավը մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրայով թռչելիս անհետացել էր ռադարների էկրաններից: Օդանավում եղել է 66 մարդ: Մեկ օր անց հայտնաբերվել էին օդանավի բեկորներն ու ուղեւորների դիակների մասունքները: Օդանավի կործանման հիմնական վարկածը ահաբեկչությունն է մնում, թեպետ ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:





























