Վայրի մեղուների մեղր հավաքող Պրաչուպ Կանպհետը, որը Թայլանդի Այուտհայա նահանգի բնակիչ է, անտառում փաթեթ է հայտնաբերել, որը սինթետիկ ամֆետամին թմրանյութի 700 հազար հաբ է պարունակել  7 մլն դոլար գումարի եւ սկսել է հաբերը տալ ընկերներին, որոնք փողի կարիք ունեին պարտքերը փակելու համար, չորեքշաբթի հայտնում է «Կհոմ Չատ Լիկ» թերթի ինտերնետային տարբերակը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:   

Մայիսի կեսին թմրաոստիկանները ուշադրություն են դարձրել Այուտհայա նահանգում սինթետիկ թմրանյութերի անօրինական շուկայում գների կտրուկ անկման վրա. ամֆետամինի մեկ հաբի արժեքն անսպասելիորեն ընկել է  8 դոլարից մինչեւ երեք: Շուտով ոստիկանների գործակալներին հաջողվել է պարզել, որ նահանգի ոմն բնակիչ հաբեր է բաժանում ընկերներին, որոնք պարտքեր ունեն, նրանց ֆինանսական վիճակը շտկելու համար: 

Երբ օպերատիվ աշխատողները վերջապես «հասել են» առատաձեռն նվիրատուին, պարզվել է, որ Կանպհետը հասցրել է    200 հազար հաբ նվիրել: Մնացածը ձերբակալության պահին նրա տանն է եղել, հայտնում է թերթը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կանպհետը, որն իր ապրուստը վաստակում է մեկ աղբ հավաքելով, մեկ` վայրի մեղուների մեղր, ոստիկաններին խոստովանել է, որ պատահաբար տեսել է, թե մարդկանց մի խումբ ինչպես է թփերում մի մեծ փաթեթ թաքցրել անտառային ճանապարհի եզրին: Հետո մարդիկ հեռացել են մոտերքում կանգնած պիկապով, իսկ Կանպհետը որոշել է ստուգել թե ինչ էր թաքցված փաթեթում եւ թմրանյութերով պայուսակ է գտել: 

Պարբերականը գրում է, որ ոստիկաններն առայժմ այնքան էլ չեն վստահում իրենց  գործակալների եւ կասկածյալի համընկած տեղեկությանը ամֆետամինի հաբերի անշահախնդիր նվիրատվության մասին, սակայն գործում առայժմ այլ վարկածներ չեն հաստատվել: 

Կանպհետին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի թմրանյութեր պահելու եւ բաժանելու համար, հայտնում է թերթը: Սակայն նրա արարքը, ընկնելով Թայլանդի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի տակ, այնուամենայնիվ բացառիկ է, որովհետեւ  ՔՕ-ն ելնում է նրանից, որ թմրանյութը տարածվում է շահադիտական դրդապատճառներով, ոչ թե անվճար բաժանվում է: Կանպհետի գործով քննությունը շարունակվում է, հայտնում է պարբերականը: