Ֆրանսիայում ընթացող ատոմային էլեկտրակայանների աշխատակիցների գործադուլը հանգեցրել է 4 գիգավատտ (ԳՎտ) էլեկտրական հզորության կորստի, հայտնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով ցանցային  RTE օպերատորի ներկայացուցիչներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

19 ԱԷԿ-ի աշխատակիցներ նախօրեին հայտնել են աշխատանքի բարեփոխումների դեմ բողոքներին միանալու եւ ուրբաթ գործադուլ անցկացնելու մտադրության մասին: Միաժամանակ  RTE-ն նշում է, որ առնվազն 9 ռեակտորի վրա հայտնել են  արտապլանային անջատումների մասին: 

«Առավոտյան Գրինվիչի ժամանակով 5.00-ին ֆրանսիական ԱԷԿ-ի հզորությունները կրճատվել են առնվազն    4 ԳՎտ-ով», — ասված է հաղորդագրության մեջ: 

Վերջին երկու ամսում Ֆրանսիայում կանոնավոր կերպով գործադուլներ են տեղի ունենում, անկարգություններով եւ ոստիկանության հետ բախումներով ուղեկցվող զանգվածային բողոքներ աշխատանքային բարեփոխման դեմ, որի նախագիծը մայիսի   10-ին «ուժով» փոխանցվել է ստորին պալատին:

Փորձագետները համարում են, որ նախատեսված գործադուլները հազիվ թե հանգեցնեն անջատումների եւ էներգամատակարարման ընդմիջումների, որովհետեւ միջուկային արդյունավերությունում գործադուլների իրավական սահմանափակումներ կան, նշում է Ռոյթրզը: