Չինաստանում կենդանաբանական այգու այցելուն խեղդվել է ծովացլի հետ սելֆի անելու փորձի ընթացքում, հսկիչը, որը փորձել է նրան փրկել, եւս զոհվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով  Shanghaiist պարբերականին:

Միջադեպն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Վեյհայ կենդանաբանական այգում: Կենդանաբանական այգու այցելուն, Ցզյա անունով գործարարը, լուսանկարում եւ նկարահանում էր խոշոր ծովացլին, իսկ հետո ֆայլերը տեղավորում էր բջջային հավելվածում: Ինչ-որ պահի ծովացուլը բռնել է Ցզյային եւ իր հետեւից քարշ է տվել ավազան: 

Կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկը, որը  10 տարի հոգ էր տանում ծովացլին, փորձելով փրկել  լուսանկարչին, ցատկել է ավազան: Ենթադրվում է, թե կենդանին փորձում էր խաղալ նրանց հետ, այդ պատճառով նրանք չեն կարողացել դուրս լողալ եւ խեղդվել են: 

Միջադեպը շուտով բանավեճ է առաջացրել ինտերնետում: Մինչ որոշ օգտատերեր կենդանաբանական այգուն մեղադրել են անվտանգության անբավարար միջոցների համար, ուրիշները լուսանկարներ են տեղադրել, որտեղ իրենք պատկերված են ծովացլերի հետ` փորձելով ներկայացնել այդ կենդանիների հետ իրենց շփման դրական փորձը: 

Կենդանաբանական այգին ստանձնել է պատասխանատվությունը միջադեպի համար եւ ընտանիքին փոխհատուցում է վճարել 900 հազար յուանի չափով: