Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ, համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ-պորտալում: 

«Վավերացնել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ` մյուս կողմից, ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը», — ասված է փաստաթղթում: 

Համաձայնագիրը ստորագրվել է 2015-ի մայիսին` Ղազախստանում: Այն ենթադրում է, որ նախ մաքսային տուրքերը կզրոյացվեն ապրանքների  60 տոկոսի համար, որոնց վերաբերյալ կողմերն առեւտուր են իրականացնում: Մինչեւ 2025 թվականը` բոլոր անցումային շրջանների ավարտից հետո մաքսային տուրքերի զրոյացման տակ կընկնի ապրանքների գրեթե   90 տոկոսը: Փաստաթուղթը չի սահմանափակում Վիետնամից ներմուծվող ապրանքների վրա ԵԱՏՄ-ի ստանդարտ պաշտպանական միջոցների կիրառությունը: 

Օրենքի նախագիծն ընդունվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի կողմից` 2016-ի մայիսի 25-ին եւ հավանություն է արժանացել Հանրապետության Խորհրդի կողմից  2016-ի մայիսի  27-ին: