Ճապոնական Mitsubishi Materials կորպորացիան, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատած Mitsubishi Mining ընկերության իրավահաջորդն է դարձել, մոտ 59,2 մլն դոլար կվճարի որպեսզ փոխհատուցում 3,7 հազար չինացիներին, որոնց անցյալ դարի 40-ականներին հարկադրաբար ստիպել են աշխատել նրա օբյեկտներում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo News-ին:
Ընկերության եւ ՉԺՀ-ի տուժած քաղաքացիների ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված համաձայնագրում նշվում է, որ նրանցից յուրաքանչյուրին 100 հազարական յուան են առաջարկել (ընթացիկ փոխարժեքով մոտ 16 հազար դոլար):
Ավելի վաղ Ճապոնիայի Գերագույն դատարանը հրաժարվել էր բռնի հարկադրման նշված զոհերին փոխհատուցում վճարել` վկայակոչելով Ճապոնիայի եւ ՉԺՀ-ի կառավարությունների 1972 թվականի համատեղ հայտարարությունը, որով չինական կողմը հրաժարվում էր փոխհատուցումից: Այսպիսով առաջին անգամ ճապոնական ընկերությունը որոշել է ներողություն խնդրել աշխատանքի հարկադրվածներից եւ նրանց փոխհատուցում վճարել, չնայած Գերագույն դատարանի որոշմանը:
1943-ից 1945 թվականն ընկած ժամանակահատվածում առնվազն 39 հազար չինացի բռնի Ճապոնիա է տեղափոխվել, որտեղ նրանց ստիպել են աշխատել հանքերում եւ շինհրապարակներում: Նրանցից ավելի քան 6,8 հազարը մահացել է աշխատանքի անտանելի պայմանների պատճառով, իսկ ողջ մնացածները անցյալ դարի 90-ական թվականներից փորձում են փոխհատուցում ստանալ:




























