Ավելի քան 10 հազար մարդ մասնակցել է բողոքի երթին, որը ռումինացի ուսուցիչները, դպրոցականները եւ նրանց ծնողները իրականացրել են չորեքշաբթի ռումինական մայրաքաղաքի փողոցներում: Բողոքի պատճառը արհմիությունների առաջնորդների եւ կառավարության ներկայացուցիչների կրթության ոլորտում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ բանակցությունների ձախողումն է հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուսուցիչները աշխատավարձի 10 տոկոս բարձրացում են պահանջում եւ ՀՆԱ-ի առնվազն 6 տոկոսի հատկացում կրթության կարիքների համար, ինչպես որ նախատեսված է օրենքով: Սակայն կառավարությունը պատրաստ է աշխատավարձերը բարձրացնել ընդամենը 5 տոկոսով: Աշխատանքի նախարար Դրագոշ Պիսլարուն խոստովանել է, որ ավելի մեծ ավելացման համար ֆոնդ չկա:
Ոլորտային արհմիությունների երեք խոշոր ֆեդերացիայի կողմից կազմակերպված ցույցի մասնակիցները պաստառներ են պահել «Առանց կրթության ազգը մեռնում է» եւ «Արժանի աշխատանք, անարժան աշխատավարձ» գրություններով, վանկարկել են «Հրաժարական» եւ «Միասնություն»:
Ցույցի մասնակիցները կառավարության նստավայրից հասել են մինչեւ պետության ղեկավար` նախագահ Կլաուս Յոհաննիսի նստավայր, զգալիորեն դժվարացնելով տրանսպորտի երթեւեկությունը իրենց ճանապարհին:
Ռումինիայում մոտ 260 հազար ուսուցիչ կա, նրանց ամսական աշխատավարձը կազմում է 1100-5000 լեյ (245-1100 դոլար):




























