Չիլիի ֆերմերները հողային աշխատանքի ընթացքում կնոջ եւ երկու երեխայի մումիա են հայտնաբերել: La Tercera թերթը հայտնում է, որ գտածոն մոտ   900 տարեկան է:

Բանվորները սովորականի պես մշակում էին հողը, երբ պատահաբար մի հին գերեզման են հայտնաբերել, որում նաեւ կերամիկայից արտադրանքներ եւ մանկական խաղալիքներ կային: Հնագետների խոսքով, դրանք վերաբերում են Կոպյանոների նախակոլումբոսյան ժամանակաշրջանին: Դրա ներկայացուցիչները ժամանակակից Չիլիի Ատակամայի շրջանում ապրել են  1000-ից 1400 թվականներին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Փորձագետները նշել են, որ հայտնաբերված մումիաները լավ պահպանվել են լամայի մազից եւ բուսական մանրաթելերից գործվածքի շնորհիվ, որի մեջ փաթաթված էին մեռածների մարմինները: Նախնական գնահատականներով, երեխաները մահացել են  5-7 տարեկանում, իսկ կինը` 50-60:

Սա հնագիտական առաջին նման գտածոն է, որն արվել է Ատակամայում: Այժմ մումիաները դեռեւս պեղումների վայրում են, բայց մոտ ժամանակներս կարող են տեղափոխվել Չիլիի մայրաքաղաք մանրամասն հետազոտության համար: