Ոստիկանությունն ու սոցիալական ծառայությունները հունիսի 6-ի առավոտյան տարհանել են Փարիզի հյուսիսում գտնվող ապօրինի ներգաղթյալների ճամբարը, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:
Ճամբարի տարհանումը սկսվել է տեղական ժամանակով 07:00-ին: Ավանում մոտ 1.3 հազար մարդ է բնակվում՝ գերազանցաբար կանայք, որոնք Փարիզ են եկել Աֆղանստանից, Սուդանից, Սոմալիից ու Էրիտրեայից:
Այս ճամբարը մեկ անգամ արդեն տարհանել էին, բայց միգրանտները նորից վերադարձել էին: Սոցիալական ծառայությունները ու հումանիտար կազմակերպությունները բազմիցս հայտնել են, որ ավանում սանիտարական իրավիճակը անմխիթարական է, անցած շաբաթ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը այնտեղ արձանագրել էր տուբերկուլյոզով հիվանդացության դեպք:
Միգրանտներին 40 ավտոբուսներով տեղափոխել են Փարիզի 60 ժամանակավոր ապաստարաններ:
Եվրոպայում հիմա խոշորագույն միգրացիոն ճգնաժամ է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր, որի պատճառը նախեւառաջ զինված հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են Մերձավոր արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում: ԵՄ Frontex գործակալության տվյալներով 2015-ին ԵՄ է ժամանել 1.8 մլն միգրանտ:




























