Հնդկաստանի հյուսիսում հավատարիմ ու քաջ շունը իր կյանքի գնով փրկել է տիրոջ կյանքը ազգային արգելոցից փախած ու գյուղ մտած վագրից, հայտնում է Times of India–ն:
Միջադեպի տեղի է ունեցել շաբաթ գիշերը Բարբատպուր գյուղում, որը գտնվում է Ուտտար Փրադեշ նահանգում Դադվա ազգային արգելոցի հարեւանությամբ: Գյուղացի Գուրդեւ Սինգխը քնած էր իր խրճիթի բակում, իսկ նրա քառոտանի բարեկամը հսկում էր նրա քունը: Զգալով գիշատչի մոտեցումը՝ շունը տիրոջը արթնացնելու ապարդյուն ջանքերից հետո ինքն է հարձակվել վագրի վրա, որը արդեն պատրաստվում է ր հարձակման:
Երբ տերը արթնացել ու օգնություն է կանչել, վագրը նահանջել է, իր հետ տանելով շանը: Շան մարմինը ավելի ուշ գտել են գյուղի մոտակայքում: Հայտնում են, որ Ջեկի շան տերն ու գյուղի բնակիչները նրան հանդիսավոր կերպով հողին են հանձնել:




























