Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում աշխատող հնագետները մարդկային կմախք են հայտնաբերել, որը լքված ջրհորի հատակին մնացել է 800 տարի: Կմախքն ապացույց է, որը հաստատում է այն դրամատիկ պատմական իրադարձությունները, որոնք հիշատակված են նորվեգական սագաներում, հայտնում է Planet- today-ը:
Վայրը, որտեղ գտնվում է ջրհորը, նկարագրված է Նորվեգիայի թագավորներից մեկի տարեգրության` «Սվերրիրի մասին սագայի» մեջ: Սագան Նորվեգիայի թագավորների մասին պահպանված փոքրաթիվ ձեռագրերից է, որոնցում նկարագրվում են վիկինգների ժամանակաշրջանի իրադարձություններ: Գիտնականները կասկածի էին առնում տարեգրության որպես պատմական փաստաթղթի հավաստիությունը: Բայց այժմ ապացուցված է, որ սագայի մասերից մեկում ճշմարտացի տեղեկություն է պարունակվում, ընդհուպ մինչեւ մանրագույն մանրամասները:
«Ցնցող է: Որքան գիտեմ, դեռեւս չի եղել որեւէ օրինակ, երբ հայտնաբերվի 1197 թվականին նախորդած պատմական իրադարձության հետ կապված մարդ: Եվ ուղղակի զարմանալի է, որ այդ գտածոն փաստացիորեն հաստատում է «Սվերրիրի մասին սագայում» նկարագրված իրադարձությունները» - ասել է առաջատար հնագետ Աննա Պետերսենը:
1197-ին Բագլերները` նորվեգացի դաժան արքայի հակառակորդները հարձակվել էին նրա Սվերրեսբորգ ամրոցի վրա: Սագայի համաձայն, ճակատամարտի ընթացքում այրվել են բոլոր շինությունները եւ ոչնչացվել է ամրոցում քաղցրահամ ջրի պաշարը, թագավորի մի սպանված զինվորի նետել են ջրհորը, այնուհետեւ վրայից քարեր են նետել:
Այժմ ջրհորում անցկացված պեղումներից հետո հնագետները կարող են հաստատել այդ դրամատիկ պատմությունը: Նրանց հաջողվել է վերականգնել կմախքի մի մասը, որը հայտնաբերվել էր դեռեւս 2014-ին: Ոսկրի բեկորի ռադիոածխածնային վերլուծությունից հետո հաստատվել է, որ զոհված մարդը ապրել եւ մահացել է 12-րդ դարի վերջին` նույն ժամանակում, որը նկարագրված է Սագայում:
Այս տարի Մշակութային ժառանգության ուսումնասիրման նորվեգական ինստիտուտի գիտնականները վերադարձել են, որպեսզի վերջնականապես ջրհորը մաքրեն նետված քարերից եւ ամբողջությամբ վերականգնեն կմախքը: Քարերը հանելուց հետո, մինչեւ ամենաառաջին քարը, որը նետվել էր բիրկենբեյներ զինվորի վրա, հնագետների մեջ 1197-ի իրադարձությունների հստակ պատկերացում է ձեւավորվել: Բացի այդ, նրանք հայտնաբերել են լավ պահպանված փայտե ճոպանակեռիկներ եւ մեծ ամրոցի հիմքի հատվածներ:
«Դա բացառիկ հնարավորություն է` դիպչելու պատմական կարեւոր իրադարձության: Այնպիսի զգացում է, թե մենք ինքներս եղել ենք այնտեղ», - ասել է Պետերսենը:




























