ԼՂՀ Վերահսկիչ պալատի Մարտակերտի շրջանի մի քանի համայնքներում իրականացրած վերահսկողության արդյունքում հայտնաբերված փաստերի մի մասը հաստատել են, թվում է, մոռացված խնդիրների գոյությունը: Ներքին Հոռաթաղում ստուգումների արդյունքում պարզվել է, որ խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզի շենքում հիմա խանութ է գործում, որի տերն, ընդ որում, ոչ մի վճար չի մուծում տեղական բյուջե: Վերահսկիչ պալատի կարծիքով այդ պատճառող համայնքի բյուջեն կազմելիս՝ որոշ եկամուտներ չեն հաշվարկվել: Համայնքում սակայն այլ կարծիքի են. դիտողությանն ի պատասխան գյուղապետը այսօր ՎՊ խորհրդի նիստում շատերին ծանոթ պատմություն ներկայացրեց. մանկապարտեզի նախկին շենքը կառուցվել է կոլտնտեսության կողմից, դրա քայքայումից հետո դարձել Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության (ԳԿՏ) սեփականությունը:
Ժամանակավոր այս միավորները, որ Արցախում ստեղծվեցին 1990-ականների վերջին, շատ համայնքներում այդպես էլ չկատարեցին իրենց դերը եւ չկարողացան վերջաբանի հասցնել կոլեկտիվ տնտեսությունից սեփականատիրականին անցման անցավ գործընթացը: Ստեղծված լուծարման հանձնաժողովներից շատերը այդպես էլ չլուծեցին նախկին կոլեկտիվների գույքի սեփականաշնորհման հարցը: Իրենք՝ հանձնաժողովները, հիմա փաստացի գոյություն չունեն, ցրվել են նաեւ ԳԿՏ-ների անդամները, փոխարենը համայնքներում կա իրավաբանորեն տեր ունեցող բայց փաստացի անտեր անշարժ գույք, որի պահպանության հոգսը կամա թե ակամա ծանրանում է համայնքապետի ուսին, որը ի պաշտոնե սակայն այն տնօրինելու իրավունք չունի: Հենց այս վիճակում են հայտնվել Ներքին Հոռաթաղում:
Մանկապարտեզի կարիք ունեն։ Գյուղի տարածքում մանկապարտեզի համար կառուցված շենք կա, որը սակայն չեն կարողանում օգտագործել, քանի որ իրավաբանորեն համայնքին չի պատկանում, իսկ շենքը որպես խանութ օգտագործող անհատ ձեռնարկատերն էլ նույնիսկ ցանկության դեպքում չի կարող որեւէ վճար մուծել, քանի որ հայտնի չէ, թե՝ ում:
Լուսինե Ավանեսյան, Ստեփանակերտ



























