Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ուղղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Շնորհավորանքում մասնավորապես ասվում է.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում եւ դա է պատճառը նաեւ, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ եւ ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձեւավորողը` Դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարեւոր հիմնասյունը եւ, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, Ձեր ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:
Սիրելի ուսուցիչներ,
Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարեւոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը, լինի այն սահմանամերձ փոքրիկ գյուղի, մայրաքաղաքի, թե Սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցում: Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Մեկ անգամ եւս շնորհավորելով մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ այս պատասխանատու եւ կարեւոր գործում»:




























