Ողջունելի է, որ առանց հայհոյանքի նստել ու բանակցել են, բայց  կոնսենսուս չէի ասի այդ գործընթացին, չէի դիտարկի որպես պատմական իրադարձություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանն` անդրադառնալով  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների շուրջ արձանագրված կոնսենսուսը պատմական իրադարձություն է:

«Որոշ ձեւակերպումներ պետք է խնայենք, դա չպետք է դիտարկենք  որպես պատմական իրադարձություն: Մյուս կողմից, ես գտնում եմ, որ պետք է իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն լինի: Մի առիթով ասել եմ` որը կլիներ կոնսենսուս: Եթե կոնսենսուսը համապետական նշանակություն ունի,  պետք է, որ իսկապես այդ կոնսենսուս ասվածից ոգեւորվի ժողովուրդը,  որ տեղի է ունեցել մի բան, որը կնպաստի ընտրական գործընթացների թափանցիկությանը: Չեմ կարծում, որ սա ոգեւորեց ժողովրդին: Ասել, որ ընդդիմությունն ամբողջությամբ այս կոնսենսուսի տերը դարձավ, չեմ կարծում, որ այդպես է», ասաց պատգամավորը:

 Ըստ նրա` կոնսենսուս կլինի այն ժամանակ, եթե կողմերը հայտարարությամբ ընդունեին  իրենց իշխանության օրոք թույլ տված սխալները:

«Ես մի առիթով ասել եմ` երբ կլիներ կոնսենսուսը, առավել եւս որ այդ կոնսենսուսի մի կողմը  գործող իշխանությունն  է, մյուսը` ՀԱԿ-ը, որը իշխանությունը փոխանցել է այս իշխող ուժին: Ես կարծում եմ` պետք է լիներ հետեւյալը` երկու քաղաքական ուժերի  իշխանության ընթացքում մենք այդպես էլ չունեցանք ընտրություն դասական առումով, քանի որ նախկինը սկսեց, իշխանությունն էլ շարունակեց կեղծելով պահել: Ժողովրդի մոտ ավելի լայն աջակցություն կստանար, եթե երկուսն էլ հանդես գային դիրքորոշումով, որ մենք ցավոք, սրտի, լինելով իշխանություն` այս տարիների ընթացքում ժողովրդին թույլ չտվեցինք, որպեսզի իսկապես իր քվեով ձեւավորի իշխանությունը եւ այնպիսի փաստաթուղթ ստորագրվեր, որ քաղաքական գնահատական տրվեր այս 25 տարիների ընտրական գործընթացին: Պետք է ասել, որ եկել ենք եզրակացության, որ հիմնական պատճառը, որ պետությունը հայտնվել է այս վիճակում, ընտրություններ կեղծելն է եղել»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Հարցին, թե միթե  այս փոփոխություններով` վերահսկողական համեմատաբար մեխանիզմներով իշխանությունն ու ընդդիմությունը չեն շտկում իրենց սխալները, քանի որ հնարավորինս նվազեցրել են կեղծիքների հնարավարությունը, Հակոբյանը պատասխանեց. «Ես ողջունում եմ, որ առանց հայհոյանքի նստել ու բանակցել են, բայց  կոնսենսուս չէի ասի այդ գործընթացին: Պետք է քաղաքական գնահատական տրվի անցյալին: Օրինակ, ընդունենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, որ պետությունը այս վիճակի մեջ է, ընդունենք, որ  մենք եկել ենք մեր  սխալները, ինչու ոչ` հանցագործությունները ուղղենք եւ դրա շուրջ կլինի համախմբում: Այո,  լծակները իշխանությանն են, բայց եթե երեկվա կեղծողը գալիս է ու այսօրվա իշխանությանը ասում` ինչի՞ ես կեղծում ու գնահատական է տալիս այդ արարքին, դա խոցելի է թե՛ քաղաքականապես, թե՛ բարոյապես: Այլ հարց է, որ ասի` եղբայր, ես կեղծել եմ, դրա պատճառով է պետությունն այս օրը հայտնվել եւ պահանջում եմ, որ դուք  չշարունակեք այն, ինչ ես եմ արել:  Սա բարոյական մի ֆոն կստեղծի, ժողովուրդը կհասկանա, որ իշխանությունը իր սխալը հասկացել է:  Իսկ որտեղ է երաշխիքը, որ  ընտրություններից հետո, եթե ՀԱԿ-ը գա իշխանության, նորից չի կրկնվի այն, ինչ եղել է 1995 թվականի  պառլամենտական, սահմանադրական ընտրությունների ժամանակ: Ես կարեւորում եմ քաղաքական կամքը, քան թղթի վրա գրված օրենքները»: