ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են կաշառակերության մեջ, հունիսի 22-ին 62 տարեկանում մահացել է, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։

Դիվանագետի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Էշին մահացած են գտել ԱՄՆ–ում նրա տանը։

2015-ի հոկտեմբերին Մանհեթենի դաշնային դատարանը Էշին եւ եւս 3 կասկածյալի մեղադրել էր չինացի շինարարական մագնատից 1.3 մլն դոլար կաշառք վերցնելու եւ Մակաոյում ՄԱԿ կոնֆերենց–կենտրոն կառուցելուն աջակցելու մեջ։ Բացի այդ, նրան կասկածում էին ՄԱԿ–ում չինացի գործարարների շահերն առաջ տանելու դիմաց նրանցից ավելի քան 800 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ։

Ավելի վաղ Էշին ձերբակալել էին Նյու Յորքի իր տանը։

Էշը ՄԱԿ ԳԱ 68-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2013-2014թթ.։