Այսօր` հոկտեմբերի 6-ին Կառավարությունում տեղի է ունեցել սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարը, մարզպետները, պաշտոնատար այլ անձինք։ Ներկա են եղել նաեւ Ռուսաստանի «Սեմենա» ասոցիացիայի նախագահ Իվան Կուզմինը ու «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգորի Դոնցովը, ովքեր կարեւոր դեր են ունեցել ՌԴ-ից սերմերի ներկրումը ժամանակին ապահովելու գործում։
Տ. Սարգսյանը նշել է, որ խորհրդակցության նպատակն է վերհանել առկա խնդիրները եւ հասկանալ մարզերում ստեղծված իրավիճակը, թե ինչպես է բաշխվել ՌԴ-ից ներմուծված սերմը։
Անդրադառնալով Kառավարության հաստատած ռազմավարության առաջնահերթությունների մասին` նա մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը գյուղատնտեսական ֆերմաներին օգնության ծրագիր չէ, այլ սերմնաբուծության վերականգնման ծրագիր։ Այդ համագործակցության շնորհիվ պետք է հասնենք ՀՀ պահանջարկը բավարարելու համար մեր կողմից մատնանշված տարեկան 30.000 տոննա սերմ արտադրելու թիրախային ցուցանիշին»:
Այնուհետեւ գյուղնախարարի եւ մարզպետների կողմից ներկայացվել են տվյալներ մարզերում սերմնացուի բաշխման ու պայմանագրի կնքման հայտ ներկայացրած ֆերմերների թվի վերաբերյալ։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաեւ տեղական օրգանիկ պարարտանյութերի փորձարկման պիլոտային ծրագրի մանրամասներ։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ դա կնպաստի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը եւ հանձնարարել է մարզպետներին անձնական հսկողություն սահմանել ծրագրի նկատմամբ։




























