«Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են Դամասկոսի արեւելյան արվարձանում կործանված սիրիական ռազմական ինքնաթիռի օդաչուին: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին ասված է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարությունում:
«Նրանք սպանել են ռազմական օդաչու, գնդապետ Նաուրաս Հասանին, որը կարողացել է դուրս պրծնել կործանվող օդանավից: Սիրիայի ռազմաօդային ուժերի օդանավն ուսումնական թռիչք էր իրականացնում, այսպես կոչված, «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրայով, եւ տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է: Ահաբեկչական խմբավորման հետ ինտենսիվ բանակցություններ էին ընթանում՝ օդաչուի կյանքը խնայելու համար, բայց ապարդյուն»:
Գերագույն հրամանատարության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ջեյշ ալ-Իսլամ»-ի դաժան հանցագործությունն անպատասխան չի մնա եւ բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն:




























