Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 6-ին այցելել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել «Սեւան» ազգային պարկի տնօրինության ներքո եւ մինչեւ 1900.25մ նիշն ընկած տարածքում գտնվող 32 շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների ընթացքին: Տարածքային կառավարման մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան ուղեկցել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
«Սեւան» ազգային պարկի տնօրինության տակ գտնվող 32 շենք-շինություններից 2-ը քարե, 30-ը խարխլված, փայտե շինություններ են: Վերոնշյալ 32 շինություններից 5-ն արդեն ապամոնտաժվել է, որից 2-ի ապամոնտաժման աշխատանքներին ծանոթացան տարածք այցելած պաշտոնատար անձինք:
Տեղում քննարկվել է շենք-շինությունների ապամոնտաժման ժամանակացույցը:
Փոխվարչապետը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչեւ ձյան գալն առավելագույն քանակի շենք-շինություններ ապամոնտաժվեն:
Անդրադարձ է եղել ջրածածկ տարածքների եւ հրատապ մաքրման ենթակա ափամերձ անտառային հատվածների մաքրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ դրանց առավել արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերին: Փոխվարչապետը կարեւորել է աշխատանքների ճիշտ կազմակերպումը` խորհուրդ տալով հաշվի առնել նաեւ եղանակային փոփոխությունների հանգամանքը:
Նա հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել եւ ներկայացնել պետական գերատեսչություններին պատկանող ափամերձ տարածքներում գտնվող այն շենք-շինությունների ցանկը, որոնք նույնպես ենթակա են ապամոնտաժման:
Ա. Գեւորգյանը ծանոթացել է նաեւ Լճաշեն համայնքի վերաբացված ճանապարհի վիճակին, որի որակը մտահոգության տեղիք է տալիս: Ելնելով առկա իրավիճակից` փոխվարչապետը նպատակահարմար է համարել ճանապարհի հետագա շահագործման հարցը քննարկել կառավարությունում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:



























