Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ամբողջությամբ արգելել բանաստեղծության մեջբերումը, որը գերմանական հեռուստաընկերության ուղիղ եթերում կարդացել էր երգիծաբան Յան Բեմերմանը, հաղորդում է Der Spiegel-ը:
Գերմանիայում Էրդողանի շահերը ներկայացնող փաստաբան Միխայել Հուբերտուս ֆոն Շպրենգերը համապատասխան հայց է ներկայացրել Համբուրգի հողի դատարան:
Մայիսին Համբուրգի դատարանն արգելել էր Բեմերմանին մեջբերումներ անել այդ սկանդալային բանաստեղծությունից: Միաժամանակ, այն ժամանակ դատավորները նշել էին, որ ընդհանուր առմամբ խոսքը երգիծանքի մասին է, թեեւ որոշ հատվածներ համարվում են հայցվորի անձնու արժանապատվությունը վիրավորող:
Ներկայումս Մայնցում է գտնվում Բեմերմանի դեմ մեկ այլ հայց՝ օտար պետության առաջնորդին վիրավորելու հարցով:
Երգիծաբանը մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման ժամանակ Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական բանաստեղծություն էր ընթերցել: Արդյունքում Գերմանիայի ԱԳՆ-ն բանավոր նոտա էր ստացել Անկարայից, որտեղ Թուրքիան կոչ էր անում իրավական միջոցառումներ ձեռնարկել հաղորդավարի նկատմամբ: Ապրիլի 15-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել բավարարել հարցումը եւ չխոչընդոտել երգիծաբանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը:





























