Ռուսաստանյան պաշտպանական ձեռնարկությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնումը կարելի է գնահատել որպես ահաբեկիչների կողմնակի աջակցություն, հայտնում է արտաքին գերատեսչության կայքը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է  Gazeta-ն:

«Ինչպես կարելի է գնահատել Սպիտակ տան ձգտումը` «պատժելու» ռուսական ձեռնարկություններին, որոնք սիրիացի ժողովրդին օգնում են պայքարել ԻԼԻՊ-ի  եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ: Դա ինչ է, եթե ոչ ահաբեկիչներին կողմնակի աջակցություն»,-հայտնել է Ռյաբկովը:

Նա նշել է, որ Վաշինգտոնում «չեն խորշում արտաքին քաղաքական կասկածելի նպատակների հասնելու կեղտոտ հնարքներից» եւ հավելել է, որ «Ռուսաստանը չի կքի պատժամիջոցների տակ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ռուսական հինգ պաշտպանական ձեռնարկության նկատմամբ պատժամիջոցներ է մտցրել Իրանում, ԿԺԴՀ-ում եւ Սիրիայում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ օրենքի խախտումների հետ կապված: