ՌԴ-ում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակն այս պահին նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական Լեւոն Թորգոմյանը, որը ժամանակ առ ժամանակ հանդիպում է Հրաչյա Հարությունյանին եւ կալանավայրի ղեկավարությանը:
«Հրաչյա Հարությունյանը ողնաշարի ճողվածք ունի, եւ ժամանակ առ ժամանակ բոժման կարիք է ունենում, քանի որ արտաքին ազդեցություններից` եղանակ, խոնավություն, դա արտահայտվում է, կամ չի արտահայտվում: Մայիսի վերջին արտահայտվել էր, եւ նա համապատասխան բուժօգնություն ստացավ»,- ասաց Լեւոն Թորգոմյանը:
Նշշենք, որ արդեն մեկ տարի է` քննարկվում է Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը: Առ այսօր որեւէ կոնկրետ տեղեկատվություն չկա, թե երբ նա կտեղափոխվի Հայաստան:
Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:
Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի հետեւանքով արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին:
Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը:




























