Զինծառայողներին հասանելիք խտացրած կաթի եւ ձկան պահածոների չափաբաժինները յուրացնելու մեջ մեղադրվող, N զորամասի իրային եւ պարենային ծառայության պետ Զորի Գասպարյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ին ասաց Գասպարյանի պաշտպան Անահիտ Ալոյանը:

«Եվ իմ պաշտպանյալը, եւ մյուս երկու մեղադրյալներն ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը: Այդ պատճառով միջնորդել են, որ դատաքննությունն արագացված կարգով ընթանա»,- ասաց Անահիտ Ալոյանը:

Նշենք, որ գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նիստը օրը դեռ չի նշանակվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Զորի Գասպարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 21-ը զորամաս գործուղված զինծառայողներին համապատասխան կարգով հասանելիք խտացրած կաթի եւ ձկան պահածոների լրացուցիչ չափաբաժինները չի հատկացրել: Այնուհետեւ Գասպարյանը իրային եւ պարենային ծառայության գործավարուհի Անահիտ Մարգարյանին հանձնարարել է ՊՆ թիկունքի վարչությանը տրվող երրորդ եռամսյակի հաշվետվության եւ նշված ժամանակահատվածում զորամասի ճաշարանին սնունդ հատկացնելու վերաբերյալ ապրանքագրերում կեղծ գրառումներ մտցնել. այն է՝ լրացուցիչ չափաքանակները հատկացվել են զորամասի ճաշարանին, ստորագրելով հաշվետվությունը: Նույն օրը կեղծած ապրանքագրերի հիման վրա յուրացրել է զգալի չափերով՝ 148 հազար 725 ՀՀ դրամ արժողության ձկան պահածո եւ խտացրած կաթ:

Զորամասի իրային եւ պարենային ծառայության պահեստապետ Արսեն Սարգսյանը նույնպես օգնել է Գասպարյանին՝ կեղծված սննդի բաշխման ապրանքագրերի հիման վրա պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աղյուսակներում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելով:

Զորի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Անահիտ Մարգարյանին՝ 38- 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արսեն Սարգսյանին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: