Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված 19-ամյա Ավետիս Զարգարյանն առաջիկայում կվիրահատվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ավետիսի մայրը` տիկին Սոնյան:
«Վիրավորվելուց գնդակը մտել էր Ավետիսի ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Սպասում էին, որ վիճակը մի քիչ կայունանա, որ վիրահատեին ծնոտը: Հիմա արդեն համեմատաբար կայուն է, դրա համար առաջիկայում կանեն վիրահատությունը: Ծանր վիրահատություն է սպասվում, բավականին երկար»,- ասաց տիկին Սոնյան:
Մոր խոսքով` Ավետիսը մարզանքների շնորհիվ արդեն զգում է ոտքերը, շարժում է ձեռքը, թեեւ դեռեւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
«Ուղիղ երեք ամիս տղաս վերակենդանացման բաժանմունքում է: Դեռ թոքերի հետ կապված էլ խնդիր կա, ապարատ է դրված: Բժիշկներն էլ ասում են` սպասեք»,- ասաց մայրը:
Հիշեցնենք, որ Ավետիս Զարգարյանը վիրավորվել է ապրիլի 4-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ Ավետիսին Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն 19-ամյա տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը: Այսօր զինծառայողը դանդաղ ապաքինվում է:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ապրիլյան պատերազմից հետո որոշում է ընդունել, որ վիրավոր զինծառայողների բուժումն արտասահմանում կկազմակերպի, եթե անհնար լինի նրանց բուժումը կազմակերպել Հանրապետությունում: Սակայն այդ որոշումը մինչ օրս չի կիրառվել որեւէ զինվորականի նկատմամբ:
Այս ընթացքում երկու զինծառայող է արտասահման տեղափոխվել՝ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը, այն էլ՝ բարեգործությունների միջոցով:
Թե երբ Կառավարությունը կսկսի իրագործել ապրիլին կայացրած որոշումը, դեռեւս հայտնի չէ: Ի դեպ, Հայաստանում այս պահին կա ծանր վիճակում գտնվող երեք զինծառայող՝ Ավետիս Զարգարյանը, Ռոլանդ Սահակյանն ու Հովհաննես Պողոսյանը:




























