Հայաստանը` որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, միշտ ակտիվ ու նախաձեռնող է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Երեւանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր խոսքում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում 2016թ.-ի հոկտեմբերին Երեւանում կանցկացվի հավաքական անվտանգության կազմակերպության անդամ-պետությունների նախագահների խորհրդի նիստ:
Նալբանդյանն իր խոսքում, մասնավորապես, ասվել է.
«Մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք պետությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը։ Առաջին հերթին, մեր ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը:
Այսօրվա նախարարական խորհրդի նիստը մեզ հնարավորություն ընձեռեց՝ քննարկելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, 2015թ. սեպտեմբերին եւ հոկտմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործումը, ինչպես նաեւ հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացումը։
Հայաստանը մշտապես ակտիվ եւ նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ երկրների միջեւ համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։ Կազմակերպության նախագահության շրջանակներում մենք շարունակեցինք ակտիվ քայլերը վերոհիշյալ ուղղություններով։ Մենք բոլորս համակարծիք էինք, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է առաջին հերթին կազմակերպության անդամ երկրների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ:
Մեր նիստի օրակարգում էին միջազգային հանրության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկի՝ ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ միջազգային տարբեր ձեւաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում մեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական եւ անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:
Նախարարական խորհրդին հավանություն տրվեց մի շարք փաստաթղթերի նախագծերի, ընդունվեցին ղաղաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։
Թերեւս, այսքանով սահմանափակվեմ եւ խոսքը փոխանցեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։





























