ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Էլի Վիզելի ընտանիքին՝ մեծ հումանիստ, գիտնական, Նոբելյան մրցանակակիր եւ Հայաստանի մեծ բարեկամ Էլի Վիզելի վախճանի կապակցությամբ: Հանրապետության նախագահը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Էլի Վիզելի ընտանիքին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն:
«Վերապրելով հոլոքոստը՝ նա իր ողջ կյանքն անցկացրեց՝ պայքարելով անարդարության, անհանդուրժողականության եւ անտարբերության դեմ: Մենք բարձր ենք գնահատում Էլի Վիզելի ներդրումը անցյալում կատարված ցեղասպանությունների մասին բարձրաձայնելու եւ «Այլեւս երբեք» կարգախոսին հավատարիմ՝ նման սարսափելի հանցագործություններից զերծ ապագա կերտելու գործում: Անուրանալի են նրա հետեւողական ջանքերը՝ միտված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հավատացած եմ, որ Էլի Վիզելի արդարության կոչերը կհավերժանան՝ իրենց արձագանքը գտնելով նաեւ ցեղասպանությունների նախատիպ դարձած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւերում՝ որպես այդ հանցագործության կանխարգելման նվազագույն անհրաժեշտ միջոց:
Մեզ համար մեծ պատիվ էր նաեւ, որ Էլի Վիզելը դարձավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնախմբի համանախագահ՝ արժանին հատուցելու համար մերօրյա այն հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց անձնվեր բացառիկ ջանքերով: Դա եւս մեկ քայլ էր՝ ուղղված անտարբերության վերացմանը: Հայաստանի Հանրապետությունն այս եւ այլ նման նախաձեռնություններով շարունակելու է մնալ ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի առաջամարտիկների շարքում:
Ես հաճախ եմ իմ ելույթներում մեջբերում կատարում նրա իմաստուն խոսքերից: Նրա թողած ժառանգությունը ողջ մարդկության ձեռքբերումն է, որ մենք պետք է փայփայենք, եւ որով պետք է առաջնորդվենք մեր հետագա գործունեությունն իրականացնելիս: Նա իր կյանքով «ավելի լավի» օրինակ է ծառայել համայն մարդկության համար: Էլի Վիզելի ավանդը համամարդկային է, ինչպես որ համամարդկային է նրա կորուստը:
Մեզ համար հարազատ դարձած այս անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամների շարքում»,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:





























