Հայաստանի եւ Ղրղզստանի ԱԳՆ-ները պարբերական խորհրդակցություններ կանցկացնեն: Այս մասին նշվել է Երեւանում, այսօր՝ հուլիսի 4-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաեւի հանդիպման ժամանակ
Նախարարները նշեցին, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող երկկողմ հանդիպումը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու նաեւ Հայաստանի եւ Ղրղզստանի համագործակցության տարբեր ոլորտներին:
Հայաստանի եւ Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրույց ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման, առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերի շուրջ։
Հայաստանի եւ Ղրղզստանի արտգործնախարարները պայմանավորվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։
Հանդիպման օրակարգում էին միջազգային կառույցների շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի եւ Ղրղզստանի փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվեց սեպտեմբերին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը եւ Էրլան Աբդիլդաեւը անդրադարձան ՀԱՊԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրագործմանը։





























