Ղազախստանը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ղազախստանի ԱԳ նախարար Էրլան Իդրիսսովը, ով Երեւան է ժամանել` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով իր ղազախ պաշտոնակցին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ղազախստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` նախարար Իդրիսսովն իր հերթին նշեց, որ Ղազախստանը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով: Ղազախստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններին իր երկրի թեկնածությունը սատարելու համար։
Զրուցակիցները քննարկեցին Ղազախստանի նախագահի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը եւ Էրլան Իդրիսսովն անդրադարձան ընթացիկ տարի նախատեսված` հայ-ղազախական միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:
Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր։





























