Մոսկվան Հելսինկիին կոչ է անում չտրվել «հակառուսաստանյան գործողություններին» միանալու գայթակղությանը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում Ռուսաստանի պատասխան քայլերի մասին հարցին:
«Հարցը զուտ ռազմական է, զուտ տեխնիկական: Պարզ է, որ եթե քո սահմաններին մոտենում է այն կազմակերպության ենթակառուցվածքը, որը քեզ հակառակորդ է հայտարարում, դու պետք է ինչ-որ կերպ հակազդես,-ասել է Լավրովը: Մեզ մոտ այդ ոլորտում բավականաչափ փորձ է կուտակված, Պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը հավանաբար գիտեն, թե ինչ է պետք անել»: Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի հարաբերություններն օպտիմալ կերպով զարգանում են: «Մենք հույս ունենք, որ մեր ֆինն բարեկամները չեն ենթարկվի հակառուսաստանյան գործողություններին միանալու գայթակղությանը», - ընդգծել է նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























