Լեհաստանը զգալի առաջընթաց է արձանագրել 5 մլրդ դոլարի չափով հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի մատակարարման շուրջ ամերիկյան Raytheon (RTN.N) ընկերության հետ բանակցություններում: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը:
Նրա խոսքով, բանակցությունների վերջին փուլը շատ հեռանկարային էր: «Կարելի է ասել, որ առաջընթաց տեղի ունեցավ: Raytheon-ը համաձայնեց մեր պայմաններին, այն է՝ գումարի 50%-ը պետք է հատկացնեն լեհական գործարանները»,- նշել է նախարարը:
ՀՀՊ համակարգերը, որոնք զինվորականները 5 մլրդ դոլար են գնահատում, կենտրոնական տեղ են գրավում Լեհաստանի բանակի արդիականացման մեծածավալ ծրագրում:





























