Շուտով կմեկնարկեն երկրի համակարգային դիագնոստիկայի` հաջորդ փուլի գործընկերության ռազմավարության նախագծման համար հենքային հանդիսացող վերլուծական աշխատանքները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին տարիների աջակցության եւ համագործակցության համար: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, անդրադարձել 2016 թվականի առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ցուցանիշներին, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված` առկա մարտահրավերներին, այս համատեքստում կայուն զարգացում ապահովելու տեսակետից տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:
Կարեւորելով Նախարարության համակարգմամբ եւ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը եւ ամփոփ ներկայացնելով վերջիններիս ընթացքը` նախարարն առանձնահատուկ ընդգծել է «Էլ. հասարակություն եւ նորարարություն մրցունակության համար» վարկային ծրագրի շրջանակներում արձանագրած տպավորիչ արդյունքները: Ընդհանուր առմամբ խիստ կարեւորվել է ծրագրերի ճկուն, նպատակային եւ թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը:
Շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Մերսի Թեմբոնն իր գոհունակությունն է հայտնել միասին աշխատելու հնարավորության համար եւ, նաեւ, իր ոգեւորությունը` իրականացվող մի շարք ծրագրերի առնչությամբ: Անդրադարձ է եղել ՀԲ երկրի գործընկերության 2014-2017թթ. ռազմավարությանը, դրա ներքո հաստատված եւ ընթացքի մեջ գտնվող ծարգրերին:
Մերսի Թեմբոնը տեղեկացրել է նաեւ, որ շուտով կմեկնարկեն երկրի համակարգային դիագնոստիկայի` հաջորդ փուլի գործընկերության ռազմավարության նախագծման համար հենքային հանդիսացող վերլուծական աշխատանքները, ինչի շրջանակներում ակնկալվում է համատեղ ծավալուն աշխատանք:
Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:





























