Տավուշի մարզում մարտի 14-ին մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի գործով մեղադրյալներից մեկի հարազատներն օրերս այցելել են մահացածի ընտանիքին։

«Տատիկ, պապիկը եկել էին, ասում էին՝ ինքը տեղյակ չի, մեղավոր չի։ Ասում էին՝ խելոք, անմեղ երեխուն անմեղ տեղը տարել են»,- NEWS.am-ին պատմեց  մահացած զինծառայողի մայրը՝ Լալա Ղազարյանը:

Մահացածը հարազատները, սակայն, չեն հավատում նրանց. «Ի՞նչ խելոք լինելու մասին է խոսքը։ Նրան կուռաժիտ Ռուբո էին ասում»։

Շարքային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող Ռուբեն Սարգսյանը եղել է դիրքի ավագի օգնականը։

Հիշեցնենք, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրգործով 5 մեղադրվող կա՝  4 ժամկետային, մեկ պայմանագրային զինծառայող:

Ժամկետային զինծառայողներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, երկուսին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի, ինչպես նաեւ պետի  կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Պայմանագրային զինծառայողին, որը կոչումով ավագ սերժանտ է, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

Մեղադրյալները կալանավորված չեն: Նրանց նկատմամբ ընտրվել են տարբեր խափանման միջոցներ՝ հրամանատարության հսկողության հանձնելը եւ ստորագրությունը չհեռանալու մասին:

Կամո Մարտիրոսյանի հարազատները վստահ են, որ նա ինքնասպանություն չի գործել: