Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը խնդիրներ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անվտանգության համար, քանի որ եվրատլանտյան տարածաշրջանում իրավիճակն ավելի պակաս կանխատեսել է դարձնում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Անորոշությունն ու անկանխատեսելիությունը միշտ խնդիրներ են ստեղծում մեր անվտանգության համար: Հիմա՝ ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո, իրավիճակն ավելի անկանխատեսելի է դարձել»,- ասել է Ստոլտենբերգը:
Միաժամանակ, Վարշավայում նախանշված դաշինքի գագաթաժողովից առաջ Բրյուսելում կազմակերպված ասուլիսում նա հայտարարել է, որ «Brexit-ը կփոխի Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները, բայց չի փոխի Բրիտանիայի դիրքը ՆԱՏՕ-ում»:
«Մեծ Բրիտանիայի դերը նախկինի պես է, այդ երկիրն ուժեղ դաշնակից է»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նա վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը կշարունակի ՆԱՏՕ-ում երկրի այժմյան կուրսը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքում հաղթեցին եվրաինտեգրման հակառակորդները: Բրիտանացիների 51.9%-ը կողմ քվեարկեց Եվրամիությունից երկրի դուրս գալուն:





























