Աֆղանստանում միջազգային ռազմական գործողությունն անհաջողության կմատնվի, եթե զորքերի թիվը կրկին կրճատվի: Դա կարող է հանգեցնել պոտենցիալ վտանգավոր հետեւանքների մնացյալ աշխարհի համար: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի, այս մասին երկուշաբթի հայտարարել է Քաբուլ ժամանակ ամերիկյան օրենսդիրների պատվիրակության անդամը:

«Ես չեմ կարող հաջողություն երաշխավորել, եթե մենք զորքերի թիվը պահպանենք 9800-ի մակարդակով, բայց կարող եմ անհաջողություն երաշխավորել, եթե մենք թիվը հասցնենք 5500-ի»,- լրագրողներին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:

Գրեմը միացել է սենատորներ Ջոն ՄաքՔեյնին, Բենջամին Սասսային եւ Ջո Դոնելիին, որոնք ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ այցելել են Աֆղանստանում ամերիկյան զորքերին:

ՄաքՔեյնը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը պետք է զորքերի թվի մասին որոշում ընդունի «ավելի շատ վաղ, քան ուշ»: Սենատորը նաեւ կարծում է, որ զորքերի թվի կրճատումը կարող է հանգեցնել իրաքյան աղետի կրկնությանը, որտեղ ԻՊ-ի զինյալները խոշոր քաղաքներ եւ ընդարձակ տարածքներ են գրավել: