Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյտը դատապարտել է Սաուդյան Արաբիայի Մեդինա եւ Էլ-Քաթիֆ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ ցավակցություն հայտնելով Սալման բեն Աբդել Ազիզ թագավորին:

Հայտարարությունում նշվում է, որ պայթյունները եւս մեկ անգամ հաստատում են, որ ահաբեկչությունը ո՛չ կրոն, ո՛չ հայրենիք չի ճանաչում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ահմեդ Աբուլ Գեյտն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակումն իրականացվել է սրբազան Ռամադանի ընթացքում, մահմեդականների սրբավայր Մարգարեի մզկիթի մոտ:

Գլխավոր քարտուղարը կրկին հաստատել է ԱՊԼ-ի վճռական դիրքորոշումը, որը դատապարտում է ահաբեկչությունը: Նա ընդգծել է, որ այս ահաբեկչական հարձակումները հաստատում են արաբական եւ իսլամական աշխարհի երկրների, ինչպես նաեւ ահաբեկչության կանխման միջազգային ջանքերի միավորման անհրաժեշտությունը: