Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ եւ ավելի ուժեղ: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Այս տոնը կարեւոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով:

Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ եւս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը եւ ընդգծեցին դրա վերընթաց ու հետեւողական զարգացման միտումները: Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ եւ ավելի ուժեղ: Միաժամանակ այս նոր իրողությունը բոլորիցս պահանջում է պատասխանատու վերաբերմունք երկրում ընթացող սոցիալական, իրավական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ:

Կրկին շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ապրենք եւ աշխատենք մեր Հիմնական օրենքի տառին եւ ոգուն համապատասխան»: