ԼՂ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի զենքը դրված է եղել ավտոմատ ռեժիմի վրա, այնինչ նա մահացել է մենահատ կրակոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա մորեղբայրը՝ Վարդան Ենոքյանը:

«Եթե զենքը ավտոմատի վրա է դրված լինում, մի անգամից մի քանի գնդակ է արձակում: Հիմա Հրանտի դեպքում մի գնդակ է արձակվել ու նրա զենքը դրված է եղել ավտոմատի վրա: Ո՞նց կարող է նման բան պատահել»,- ասաց Վարդան Ենոքյանը՝ նշելով, որ այդ հանգամանքը քննության ժամանակ արդեն ապացուցվել է:

Զինծառայողի զենքը ուղարկվել է համալիր փորձաքննության: 

Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, դասակի հրամանատար Վ. Բալայանը կալանավորված է:

Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, ԼՂ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: