Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է մինչև 2015 թվականը ռազմա-ծովային մշտական հենակայան ու սահմանապահ ծառայություն ստեղծելու մտադրության մասին՝ Կասպից ծովում իր պետության շահերը պաշտպանելու նպատակով։ Թուրքմենստանի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Թուրքմենստանը ցամաքային սահմանի հետ միասին ունի նաև բավական երկար ծովային սահման, որը հարկավոր է հանգամանորեն պաշտպանել։ «Այդ կապակցությամբ իմ հանձնարարությամբ ներկայումս հատուկ աշխատանք է տարվում՝ ծովային մեր սահմանի ամրացման ու Կասպից ծովի մեր պետությանը պատկանող ափը օտար ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ»,- մեջ է բերել Բերդիմուհամեդովի խոսքը Թուքմենիայի հետուստատեսությունը։
Ըստ Բերդիմուհամեդովի, նախատեսվում է ստեղծել ջրային ավազանի լոկացիոն և օպտիկական վերահսկման արդյունավետ համակարգ, գնել արագընթաց պարեկային ժամանակակից մոտորանավակներ, հրթիռներով զինված ժամանակակից երկու նավեր։ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը զինվորական ու իրավապահ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է «արդյունավետ պայքար մղել մաքսանենգների, ահաբեկիչների ու ցանկացած այլ ուժերի դեմ, որոնք կփորձեն խախտել Թուրքմենստանի ծովային պետական սահմանը կամ այնտեղ անկայուն իրավիճակ ստեղծել»։ Նա ընդգծել է, որ Կասպից ծովի թուրքմենական ափի պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նաև նախատեսել ռազմա-ծովային մարտավարական համալիր վարժանքների կանոնավոր անցկացումը։
Հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ Թուրքմենստանի նախագահը մեղադրել էր Ադրբեջանին՝ Կասպից ծովի նավթագազային վիճելի հանքավայրերի օգտագործման մեջ։ Բերդիմուհամեդովը հայտնել է, որ իր երկիրը մտադիր է իր իրավունքները պաշտպանել միջազգային միջնորդ դատարում։ Թուրքմենստանի նախագահի կարծիքով, Կասպից ծովով սահմանի հստակեցման ու Ադրբեջանի հետ միջնագծի մասին հարցը չի լուծվում հիմնականում Բաքվի դիրքորոշման պատճառով։ Ըստ նրա, նման իրավիճակի առաջացման գլխավոր պատճառն այն է, որ ծովի վիճելի հատվածում գտնվում են բնական պաշարների հարուստ հանքավայրեր, որոնք Ադրբեջանը համարում է իրենը։ Բերդիմուհամեդովը պարզաբանել է, որ խոսքը «Սերդար», «Օսման» և «Օմար» հանքավայրերի մասին է։ Ընդ որում նա կառավարությանը հանձնարարել է ներգրավել ծովային վիճելի տարածքների հարցերով զբաղվող իրավաբանների, հիմնավոր կերպով ուսումնասիրել այդ հարցը և պատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ դրանք միջազգային միջնորդ դատարան ներկայացնելու նպատակով։




























